Ֆրանսիայում երեկ սկսված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տարբերվում է նախորդներից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերին մասնակցում են 24, այլ ոչ թե 16 հավաքականներ, ինչպես եղել է 1996-ից սկսած: Այս առաջնությունում 51 խաղ կլինի, 20-ով ավելի 2012-ի առաջնությունից: Խաղերը կանցկացվեն 10 մարզադաշտերում: Առաջին և վերջին խաղերը կկայանան Stade de France մարզադաշտում՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում: Առաջին խաղը հունիսի 10-ին է, վերջինը՝ հուլիսի 10-ին: 2,5 միլիարդ երկրպագուներ: Կազմակերպիչները երկրպագուներին խորհուրդ են տալիս մարզադաշտ գալ խաղից մեկ ժամ առաջ՝ հաշվի առնելով ահաբեկչությունները կանխելու նպատակով ձեռնարկված անվտանգության խստացված միջոցառումները:
Ֆրանսիան Եվրոպայի առաջնությունը ընդունում է երրորդ անգամ: Առաջինը 1960-ի էր (Եվրոպայի առաջին առաջնությունը), երկրորդը՝ 1984-ին: Միջին հաշվով յուրաքանչյուր մրցամարտ հեռուստատեսային ուղիղ եթերով կնայի 15 միլիարդ մարդ: Նույնքան՝ սոցիալական ցանցերով: Twitter-ը և Facebook-ը ստեղծել են հատուկ էջեր ֆուտբոլասերների համար: Եվրոպայի առաջնության խաղերի անցկացման մարզադաշտերում և հարակից տարածքներում անվտանգությունը կապահովեն 75 հազար իրավապահներ: Նրանք իրավունք ունեն զննել հանդիսատեսներին՝ օգտագործելով նաև մետաղորսիչներ:
Ձեռքի պայուսակներով մարզադաշտտ մուտքն արգելված է: Խաղերի հեռուստահեռարձակման համար Ֆրանսիան կստանա 10 միլիարդ եվրո: Տոմսերի վաճառքից ու հյուրանոցներից՝ 500 միլիոն եվրո: Տոմսերի գները տատանվում են 25- 895 եվրոյի միջակայքում: Միայն Airbnb-ն պատրաստվում է 250 հազար մարդ ընդունել:
El Pais, Իսպանիա
Հ.Գ. Ֆուտբոլային մեկամսյակը սկսվեց Ֆրանսիա-Ռումինիա խաղով: Առաջին խաղակեսը՝ 0:0, խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ 57-րդ րոպեին առաջնության առաջին գնդակը խփեց Ժիրուն, 65-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը հաշիվը հավասարեցրեց՝ 11 մետրանոցը խփեց Ստանկոն, 89-րդ րոպեին Պայեն վերականգնեց ֆուտբոլային արդարությունը՝ վարպետությունը մնում է վարպետություն, թեպետ ռումինացիները պահում էին ռումինական ֆուտբոլի պատիվը Եվրոպայի բազմակի չեմպիոնի հետ խաղում և կարող էին նույնիսկ խաղը ոչ ոքի ավարտել: Բարի ֆուտբոլ ձեզ: Ամբողջ մեկ ամիս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ